1997-2015 թթ-ի ընթացքում, քոլեջը հրատարակել է «Ուսանող» պարբերաթերթը, որի հրատարակման աշխատանքների արդյունավետ կազմակերպման նպատակով, ուսանողներից ու մանկավարժներից կազմավորվել է խմբագրական խորհուրդը: Տարիներ շարունակ թերթը լուսաբանել է քոլեջի խնդիրները, առօրյան, ներկայացրել միջոցառումներն ու կրթական գործընթացի կարևոր նորությունները: Չսահմանափակվելով ներքոլեջային կյանքի լուսաբանմամբ` թերթը երբեմն իր էջերում անդրադարձել է մարզի հիշարժան դեպքերին, տպագրել է նյութեր, գրական, մշակութային թեմաներով, նպաստել ուսանողների գեղագիտական դաստիարակությանը, ինտելեկտուալ մակարդակի բարձրացմանը:

Թերթը տպագրել է նաև ուսանողների ստեղծագործությունները, ներկայացրել աշխարհի տարբեր միջօրեականներում կատարվող հետարքրքրաշարժ իրադարձությունները և նորությունները:

Այսօր՝ հաշվի առնելով ժամանակի պահանջները,խմբագրական խորհրդի գործունեությունը տեղափոխվել է մեկ այլ հարթակ. վերոնշյալ աշխատանքներն իրենց վրա են վերցրել ՎՁՏՊ քոլեջի պաշտոնական էջերը /Facebook, Instagram /, ինչպես նաեւ կայք էջը:
Համացանցի տիրույթում քոլեջի ակտիվ գործունեության միջոցով, այժմ հնարավոր է դարձել էլ ավելի մատչելի եւ հասանելի դարձնել տեղեկատվության փոխանցումը եւ հետադարձ կապի պահպանումը հասարակության առավել լայն շերտերի հետ: