Փետրվարի 8-ին «ՓԻ-ԷՅՉ Ինթերնեշնլ» կազմակերպությունը՝ Վայոց ձորի տարածաշրջանային պետական քոլեջի (ՎՁՏՊՔ) հետ համատեղ տվյալ ուսումնական հաստատությունում պաշտոնապես ազդարարեց «Քաղաքացիական կրթության կենտրոն» նախաձեռնության (ՔԿԿ) մեկնարկը։
ՔԿԿ-ն ստեղծվել է ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալության (ԱՄՆ ՄԶԳ) կողմից ֆինանսավորվող «Քաղաքացիական կրթություն և մասնակցություն» հնգամյա ծրագրի նյութական և մեթոդական օժանդակությամբ։ Նախաձեռնության նպատակն է ստեղծել նպաստավոր միջավայր երիտասարդների քաղաքացիական գիտելիքների, սոցիալական և տեխնիկական կարողությունների զարգացման, ինչպես նաև հանրային որոշումներում նրանց իմաստալից և կայուն ներգրավման համար։
Միջոցառման բացմանը ելույթ ունեցան «ՓԻ-ԷՅՉ Ինթերնեշնլ»-ի հայկական մասնաճյուղի տնօրեն Մարիամ Մարտիրոսյանը, ԱՄՆ ՄԶԳ Հայաստանի առաքելության փոխտնօրենի պաշտոնակատար Մեթյու Լեյրդը ու ՎՁՏՊ քոլեջի տնօրեն Արգամ Դովլաթյանը։ Միջոցառմանը հրավիրված են ԿԳՄՍՆ-ի ներկայացուցիչներ, բուհի անձնակազմն ու ուսանողները։
«Քաղաքացիական կրթության կենտրոնը» Ծրագրի կողմից կահավորվել և համալրվել է համակարգչային տեխնիկայով։ Առկա է նաև գրադարան, որը ներառում է մեծ պահանջարկ վայելող մասնագիտական և հանրամատչելի գրականություն։ Թե՛ համալսարանի ուսանողները և թե՛ համայնքի երիտասարդները կենտրոնի ռեսուրսներից կարող են անվճար օգտվել և մասնակցել տարատեսակ միջոցառումների, դասընթացների ու հանդիպում-քննարկումների երկուշաբթիից շաբաթ, ժամը 14։00-18։00-ի հատվածում
Ծրագրի շրջանակում, դեկտեմբեր և հունվար ամիսներին, նմանատիպ կենտրոններ սկսել են գործել նաև Շիրակի Մ․ Նալբանդյանի անվան պետական համալսարանում, Վանաձորի Հովհ. Թումանյանի անվան պետական համալսարանում, Եվրասիա միջազգային համալսարանում, ինչպես նաև Խաչատուր Աբովյանի անվան հայկական պետական մանկավարժական համալսարանում։
Փետրվարի 9-ին ևս մեկ ՔԿԿ իր աշխատանքները կմեկնարկի Գորիսի պետական համալսարանում։ Այս կենտրոնների ձևաչափը և բովանդակությունը կյանքի է կոչվում «ՓԻ-ԷՅՉ Ինթերնեշնլ»-ի կողմից՝ Երևանի պետ․ համալսարանի Իջևանի մասնաճյուղում բուհի հետ սերտ գործընկերության և ԱՄՆ կառավարության ֆինանսական աջակցության շնորհիվ 2020թ․ գործարկված և մինչ այժ հարյուրավոր երիտասարդների արդյունավետորեն ծառայած նմանատիպ նախագծի փորձի հիման վրա։
---------------------------------------------
«Քաղաքացիական կրթություն և մասնակցություն» ծրագրի նպատակն է բարելավել Հայաստանում ֆորմալ և ոչ ֆորմալ քաղաքացիական կրթության որակը՝ խթանելու Հայաստանում երիտասարդների հանրային ներգրավվածությունը և ժողովրդավարական գործընթացները։
«Քաղաքացիական կրթություն և մասնակցություն» ծրագիրը ֆինանսավորվում է ԱՄՆ միջազգային զարգացման գործակալության կողմից և իրականացվում է «ՓԻ-ԷՅՉ Ինթերնեշնլ» կազմակերպության և իր ենթադրամաշնորհառուներ «Մարդկային զարգացման միջազգային կենտրոն» ՀԿ-ի, «Ժողովրդավարական կրթության հայկական կենտրոն-Սիվիտաս» ՀԿ-ի և «Կրթական տեխնոլոգիաների ազգային կենտրոն» ՊՈԱԿ-ի կողմից։