Գործատուների հետ համագործակցության պատկերը

Վայոց ձորի տարածաշրջանային պետական քոլեջը գործունեության վերջին տարիներին կարևորում է գործատուների հետ համագործակցության շրջանակների ամրապնդումը և նպատակային ուսուցման կազմակերպումը: Այս ոլորտում արդեն շոշափելի արդյունքներ կան:

Քոլեջը բոլոր մասնագիտությունների գծով ունի կնքած պայմանագրեր մի շարք ընկերությունների, հիմնարկ-ձեռնարկությունների և կազմակերպությունների հետ մինչև 2014թ. շուրջ 120 ուսանողի աշխատանքով ապահովելու և պրակտիկաներն արդյունավետ կազմակերպելու համար: Այս արդյունքներն է վավերացնում ՄԿՈՒԶԱԿ-ի կողմից պատրաստված տեսաֆիլմը, որը ներկայացնում է տարածաշրջանի տնտեսական զարգացման հեռանկարի համար անհրաժեշտ մասնագիտության` գինեգործության ոլորտում կադրերի պատրաստման լավագույն փորձը:

Առանձնապես կարևորվում են գինեգործարանների հետ ունեցած պայմանագրերը, քանի որ մարզի արդյունաբերական ոլորտում գինեգործությունը դառնում է գերակա ճյուղ: Համագործակցության արդյունքում լուրջ ձեռքբերում է նաև <<Ռելե>> ՓԲԸ-ի կողմից 40 աշխատողի վերապատրաստման, արհեստագործական մասնագիտություն-ների գծով 50 և միջին օղակի 60 տեղի պահանջ /ընդհանուր առմամբ` 150 տեղ/ ներկայացնող համաձայնագիրը:

Գործատուները պարբերաբար հրավիրվում են քոլեջ` տեղում ծանոթանալու ուսուցման գործընթացին, մասնակցելու քննարկումներին և միջոցառումներին, ներկայացնելու իրենց պահանջները և դիտարկումները: